«STEP.ai-արհեստական բանականություն» ուսումնական ծրագիրը նախաձեռնվել է ՀԲԸՄ Սիլիկոնային հովտի և Սինոփսիս հիմնադրամի կողմից՝ զարգացնելու ԳՏՃՄ (գիտության, տեխնոլոգիայի, ճարտարապետության և մաթեմատիկայի) կրթությունը հայկական դպրոցներում: Ծրագիրը մշակվել և իրականացվել է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) և Սինոփսիս Արմենիայի կրթական բաժնի համատեղ ջանքերով և վիրտուալացվել է ՀՎՀ էլեկտրոնային ուսուցման հարթակում:
Արհեստական բանականության ծրագրի նպատակն է Հայաստանի ավագ դպրոցի աշակերտներին ապահովել էական գիտելիքներով և հմտություններով՝ նրանց սովորեցնելով արհեստական բանականության հիմնարար հասկացությունները և գործնական կիրառումը: Այն ուսանողներին հնարավորություն է ընձեռում շարունակել հետագա ուսումնասիրությունները արհեստական բանականության ոլորտում՝ նախապատրաստելով նրանց աշխատանքային կյանքին:
2025 թվականի սեպտեմբերի 4-ին «STEP.ai» գիտության և տեխնոլոգիայի կրթական եռամյա ծրագիրը երաշխավորվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍՆ) նախարարության կողմից՝ որպես ընտրովի բաղադրիչով սահմանված ուսումնական խմբակ։
Ավագ դպրոցներում «STEP.ai» ծրագրի ներդրումը բխում է 2024 թվականի հոկտեմբերին ԿԳՄՍ նախարարության, «Սինոփսիս Արմենիա»-ի, ՀԲԸՄ ՀՎՀ-ի և ՏՀՏԳՄ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրից։
Եռամյա ծրագրի շրջանակներում աշակերտները կուսումնասիրեն «Արհեստական բանականություն և Python»՝ 10-րդ դասարանում, «Մեքենայական ուսուցում»՝ 11-րդ դասարանում, «Բնական լեզվի մշակում և ռոբոտաշինություն»՝ 12-րդ դասարանում։
Մուլտիմեդիա բովանդակությամբ ինտերակտիվ տեսադասերը նախագծված են հիբրիդային ձևաչափով՝ համադրելով առցանց և առկա ուսուցման մեթոդները՝ ՀՎՀ-ի կողմից հրավիրված ԱԲ մասնագետի և դպրոցի ուսուցչի աջակցությամբ։ Դասավանդումն իրականացվում է ՀՎՀ-ի թվային հարթակում։
Եզրափակիչ նախագծերը ծրագրի առանցքային բաղադրիչներից են։ Ուսանողներն աշխատում են խմբերով, որպեսզի կիրառեն նոր ձեռք բերած գիտելիքները և ներկայացնեն վերջնական արդյունքը՝ միաժամանակ զարգացնելով իրենց հաղորդակցության և համագործակցության հմտությունները: Դասընթացի վերջում հանձնում են ավարտական քննությունները։
Ծրագիրը մեկնարկել է 2022թ.-ին Հայաստանի և Արցախի մի շարք ավագ դպրոցներում: 2023-2024 ուսումնական տարում ինտերակտիվ դասերի շրջանակում ավելի քան 80 ուսանողներ՝ 5 ուսումնական հաստատություններից, հաջողությամբ ավարտեցին ծրագրի առաջին դասընթացը։ 2025-2026 ուսումնական տարվանից Հայաստանի 15 ավագ դպրոցներ միացան ծրագրին, և աշակերտները սովորում են արհեստական բանականության և մեքենայական ուսուցման հիմունքները։
Արհեստական բանականության կրթությունը ԳՏՃՄ ուսումնական ծրագրում ներառելով՝ ՀՎՀ-ն ձգտում է նոր սերնդին տալ այն կրթությունը, որով նրանք կարող են հաղթահարել մեր ժամանակի բարդ մարտահրավերները:
Դիտել ծրագիրը ներկայացնող տեսահոլովակը: